X World
Կայքի մենյու

Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 86

Մինի - չաթ

Գլխավոր էջ » Հոդվածներ » Չափածո » Գևորգ Էմին

Նյութերը ենթաբաժնում: 7
Ցուցադրված նյութերը: 1-7

Դասավորել ըստ: Ամսաթվի · Անվանման · Վարկանիշի · Մեկնաբանությունների · Դիտումների
Գևորգ Էմին | Դիտումներ: 607 | Ավելացրեց: Alien | Ամսաթիվ: 2014-01-31 | Մեկնաբանություններ (0)

Մի փոքրիկ թռչուն ծառի վրայից
Ինձ երգի ձրի դասե՜ր է տալիս.
Հողն՝ համբերության,
Մեղուն՝ աննկատ ջանասիրության,
Արմատը՝ օգնում կառչել մայր հողին.

Առու և վտակ
Ամեն ձորակից
Մի կաթիլ ջրով բարիք անելու հորդո՜ր են կարդում.
Լեռը՝ ստիպում
Գլուխ չթեքել ու հպարտ մնալ,
Թիթեռը՝ հուշում
Գոհ լինել թեկուզ մի օրվա կյանքից.
Իսկ հսկա կաղնին հեռվից խրատում՝
Եթե մահանալ՝ կանգնա՛ծ մահանալ.

Եվ այն էլ ո՛չ թե
Դժվա՜ր,
Տանջանքո՜վ
Ու… մարդավարի՝
Գլուխը ահից խփելով պատին.
Այլ՝ ծառավարի՛,
Այլ՝ քարավարի՛-
Հանգի՜ստ,
Հպա՜րտ ու
Արժանապատի՜վ...
Գևորգ Էմին | Դիտումներ: 327 | Ավելացրեց: Alien | Ամսաթիվ: 2014-02-01 | Մեկնաբանություններ (0)

Ա՜խ, այս Մասի՛սը…

Որից փափկո՜ւմ են սրտերը բոլոր,
Երբ ինքը… քա՛ր է.

Որ ջերմացնո՜ւմ է սրտերը մոլոր,
Երբ ինքը… սա՛ռն է.

Որ աշխարհներից հեռավոր-հեռու
Բոլոր հայերին այստե՜ղ է բերում,
Երբ ինքն… այստե՛ղ չէ...

Միաբանության քարո՜զ է կարդում
Աշխարհում ցրված հայերին անտուն,
Երբ որ… կիսվա՜ծ է.

Որ, մե՜ծ սիրո պես,
Ոչ հեռանո՛ւմ է,
Ոչ էլ գալի՜ս է…

Ա՜խ, այս Մասի՛սը:
Գևորգ Էմին | Դիտումներ: 303 | Ավելացրեց: Alien | Ամսաթիվ: 2014-02-01 | Մեկնաբանություններ (0)

Էլ մահըս ո՞րն է,
Երբ իմ սեղանին
Կա հա՛ցն ու գինի՛ն,
Երբ սիրո՜ւմ եմ ես
Ու... բանաստեղծո՜ւմ.

Այն հա՛ցը արդար,
Որի հատիկը հողի մեջ մեռնո՛ւմ,
Սակայն իր մահով
Նոր հա՜ց է դառնում.

Հյութն այն խաղողի՛,
Որն ամեն աշնան հողի տակ թաղվում,
Բայց ամեն գարնան
Զարթնո՜ւմ է նորից՝
Հարությո՜ւն առնում.

Այն սե՛րը, որ մերթ
Մահի՜ց էլ ծանր է լինում ու դժվար,
Բայց միա՛կն է, որ
Հաղթո՜ւմ է մահվան ահեղ զնդանին.

Եվ այն տո՛ղը, որ
Մահը հերքելով
Հավերժացնո՜ւմ է պահն այս կենդանի...

Էլ մահըս ո՞րն է,
Եվ եթե գա էլ,
Իմ ունեցածից ի՜նչ պիտի տանի...
Գևորգ Էմին | Դիտումներ: 299 | Ավելացրեց: Alien | Ամսաթիվ: 2014-02-01 | Մեկնաբանություններ (0)

Ինչ-որ մեղք գործել տարիներ առաջ,

Եվ ամաչելով լույսով երևալ,

Ողջ գիշեր անքուն տառապո՜ւմ է բուն.


Հառաչո՜ւմ է բուն,

Աղաչո՜ւմ է բուն,

Ինձ կանչում է բուն

Եվ տանջվո՜ւմ եմ ես ողջ գիշեր անքուն...


Ի՜նչ անեմ՝

Ելնեմ ա՞յդ էլ իմանամ,

Նրա տանջա՞նքն էլ զգա՛մ, հասկանա՛մ,

Վիշտը փարատեմ, ցրեմ կասկածը

Եվ գրեմ, որ ողջ աշխարհն իմանա...

Հերիք չէ՞, աստվա՛ծ, իմ ունեցա՜ծը:


Հառաչո՜ւմ է բուն,

Աղաչո՜ւմ է բուն

Եվ նրա համա՛ր՝

Ե՛ս եմ տառապում ու մնում անքուն...


Ախ, ես ի՜նչ անեմ,

Ո՞ւմ ցավը տանեմ,

Ո՞ր մեկի մեղքը իմ երգով քավեմ,

Ես՝ գերզգայուն՝ ուստի դժբա՜խտըս,-

Որ բոլոր կանանց փոխարեն՝ լքված,

Սրանց փոխարեն՝ խեղճ թիապա՜րտ եմ.


Ի՜նչ անենք, որ ես... պոե՛տ եմ ծնվել,

Ես էլ մա՛րդ եմ, չէ՞,

Միայն մի՜ մարդ եմ...


Գևորգ Էմին | Դիտումներ: 262 | Ավելացրեց: Alien | Ամսաթիվ: 2014-02-01 | Մեկնաբանություններ (0)

Երգի՜ր ինձ համար.
Բայց երգիր այնպե՛ս,
Որ քո երգածը սկիզբ չունենա,
Ոչ էլ վերջակետ.
Որ ինձ վրդովի,
Սակայն և ինձնից ոչի՜նչ չունենա,
Այս անձրևի պես,
Որ ի՛նձ համար է,
Բայց և՝ բոլորի՛:

Երգի՜ր ինձ համար,
Բայց երգիր այնպե՛ս,
Որ ոչ Պատճառի մասին լինի այդ,
Ոչ հետևանքի՛,
Ոչ առնելիքի,
Ոչ տալու մասին...

Երգի՜ր,
Բայց երգիր ո՛չ թե այն մասին,
Ինչ որ եղե՛լ է,
Ոչ թե այն մասին,
Ինչ որ կա՛ հիմա,
Ոչ էլ այն մասին,
Ինչ լինելո՛ւ է.

Այլ ուրի՜շ,
Ուրի՜շ մի բանի մասին,
Որ ոչ անցյա՛լ է,
Ոչ ներկա՛, անգին,
Ոչ էլ ապառնի՝
Պայծառ, թե խավար...

Ինչո՞ւ լռեցիր,
Երգի՜ր ինձ համար:
Գևորգ Էմին | Դիտումներ: 361 | Ավելացրեց: Alien | Ամսաթիվ: 2014-02-01 | Մեկնաբանություններ (0)

Պոետի իրական կենսագրությունը նրա ներքնաշխարհի կենսագրությունն է, հոգևոր կյանքի պատմությունը` անբաժանելի իր և իր ժողովրդի կյանքից: Վերոհիշյալից բացի նշվում են նաև նրա կենսագրության սակավ հետաքրքիր փաստերը, որտեղ նա չի տարբերվում մյուսներից` ծնունդը, ուսումը, աշխատանքը, սերը, ուրախություններն ու վշտերը, հոգևորումներն ու հիասթափությունները… 

Ես ծնվել եմ 1919 թվին Հայաստանի Աշտարակ գյուղում, ուսուցչի և այգեպանի ընտանիքում: Աշտարակը` մի մեծ գյուղ Հայաստանի սրտում, լի է խաղողի վազերով, հին տաճարներով և հուշարձաններով: Նա գոյություն ուներ թերևս Ուրարտու թագավորության ժամանակ, և իր անունը ստացել է Ուրարտուի Իշտար Աստծո անունից: Աշտարակցիները` ի ծնե այգեգործներ և խաղող աճեցնողներ, կարող են և բռնել, և վայելել չքնաղ գինի: Դա է նրանց բարձր տրամադրության, սրամտության, և իհարկե սիրահարվելու կնոջ, գինու, երգի կամ նույնիսկ բառի, պատճառը: Տարիների ընթացքում նրանք այնքան գինի են խմել, որ այն յուրաքանչյուր աշտարակցու` նաև իմ, արյան մեծ մասն է: Հետևաբար աշտարակցիները ծննդյան օրվանից հարբած, հոգևորված և սիրահարված են: Եվ նրանք բոլորը ներքուստ պոետ են: Ոչ պատահական է Աշտարակը դարերով հանդիսացել մշակույթի օրորոցը, տվել և շարունակել տալ բազմաթիվ տաղանդավոր մարդկանց` գրողներ, պոետներ, լեզվաբաններ, գիտնականներ, և նույնիսկ եկեղեցականներ: Այսպիսով, յուրաքանչյուր աշտարակցի իր հետ ունի իր փայփայած պոեզիայի գրքույկը (հիմնականում Հայաստանի հանգավորված 6.000 տողանոց պատմությունը): Այն ամենից, ինչ ես այն սակավ տարիների ընթացքում սովորել եմ Աշտարակի դպրոցում, մի բանում լիովին վստահ եմ` ամենալավ բաները իմ մեջ, որոնք արտացոլվել են իմ գրքերում, իմ մանկության մի մասն են, ինչպես խաղալը Աշտարակի փոշոտ փողոցներում, նրա այգիներում, Քասախ գետի ափին, Կարմրավոր և Մարինե եկեղեցիների, Արագած և Ծաղկեվանք սարերի մոտ, ծերերի միամիտ, բայց պարունակալի հեքիաթները և երգերը հարսների և բարի կանանց մասին: 

1927 թվին մեր ընտանիքը տեղափոխվեց Երևան, որտեղ 1936 թվին ես ավարտեցի միջնակարգ դպրոցը, իսկ 1940-ին Պոլիտեխնիկի ինստիտուտը, որպես հիդրոինժիներ: Այն բանի համար, որ ես այսոր ոչ թե կամուրջներ կամ ջրանցքներ եմ սարքում, այլ գրում եմ գրքեր` շնորհակալ եմ դպրոցում ինձ հանդիպած Հայ գրողներից ամենափայլուններից մեկին` Եղիշե Չարենցին: Եվ ես պարտական եմ նաև Մատենադարանին` հին հայկական ձեռագրերի պահուստին, որտեղ ես աշխատել եմ ուսանող ժամանակ, ստանալով բացառիկ հնարավորություն կարդալ մեր սուրբ գրքերը, կլանելով իմ ազգի տարիքի համն ու հոտը ` հին գրականությունը, մտածված իր իմաստից և պարունակությունից բարձր: Ես նաև շնորհակալ եմ իմ մասնագիտության համար` միայն ճիշտ գիտությունը կարող է օգնել ստեղծագործողին զարգացնել իր մեջ հոգևոր հավասարակշռություն, խուսափելով շատախոսությունից և հաճախակի տաս քայլ անելուց այնտեղ, որտեղ մի քայլը բավական կլիներ: Հետագայում ես գնացի Հայաստանի մեկ այլ տեղանք, որպեսզի կառուցեմ հիդրոէլեկրոկայան բանակի համար, սիրահարվեցի, գրեցի և տպագրեցի արձակ և չափածո ստեղծագործություններս, ապրեցի և սովորեցի Մոսկվայում, հաճախակի այցելեցի Հայաստանը, ճանապարհորդեցի ամբողջ Սովետական Միությունը և սահմաններից դուրս (Կորեա, Ֆրանսիա,Ամերիկա), վկայելով, թե ինչ նման են մարդկային ուրախություններն ու վշտերը ամենուր, և թե ինչ կարևոր է պոեզիան մեր կյանքում: 

Ընդհանուր, ես ունեմ տասը սեփական գիրք, երեք որդի և իմ փոքրիկ Հայաստանը, որը հարուստ է իր ձգտումներով, սիրով` աշխարհի բոլոր մարդկանց համար: 

Գևորգ Էմին – Երգեր Հայաստանի գրքից: 
Գևորգ Էմին | Դիտումներ: 499 | Ավելացրեց: Alien | Ամսաթիվ: 2014-02-01 | Մեկնաբանություններ (0)

Մուտքի ձև

Որոնել

Չափածո

Արձակ

Աֆորիզմներ

Առակներ, իմաստուն պատմություններ

Նկարչություն

Կայքերի կոնսրուկտոր - uCoz