X World
Կայքի մենյու

Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 111

Մինի - չաթ

Գլխավոր էջ » Հոդվածներ » Չափածո » Հովհաննես Թումանյան

Էսպես չի մնա

Լինում է թե չէ, ո՞վ գիտի հաստատ. 

Եվ ինչն է հաստատ աշխարհքի վըրա…- 
Աշխարհքում հաստատ մի բան կա մենակ, 
Այն է, որ հաստատ ոչ մի բան չկա:- 
Լինում է` իբրև գյուղացի մի մարդ, 
Աղքատ, օրական ապրուստի կարոտ: 
Ունենում է սա մի խելոք տըղա, 
Տանում է ծառա տալի մեկի մոտ: 
Տարիք են անցնում: Էս խելոք տըղեն 
Էնպես է ազնիվ ու ժիր ծառայում, 
Որ տերն էլ սըրա վարձը շատացնում, 
Ինչպես իրենը` էնպես է նայում: 
Հիշում է մի օր հայրը իր որդուն 
Ու վեր է կենում գալի տեսություն. 
-Հը՞, ո՞նց ես, որդիս, հիմի էլ էնպես 
Էլ մերկ ու տըկլոր, էլ քաղցած հո չե՞ս: 
-Չէ´, լավ եմ հայրիկ, ապրուստ միշտ կա, 
Բայց ի՞նչ անես որ…էսպես չի մընա… 

Գընում է հայրը: Տարիք են անցնում: 
Առաջ է գընում տըղեն օրն օրին, 
Վերջը բարձրանում, պալատն է հասնում, 
Դառնում է ծառա մեծ թագավորին: 
Հիշում է մի օր հայրը իր որդուն 
Ու վեր է կենում գալի տեսություն. 
-Հը՞, ո՞նց ես, որդիս, էլ ի՞նչ ես ուզում, 
Լողում ես առատ էս լիքը ծովում: 
-Հա´, լի եմ, հայրիկ, դու հանգիստ գընա, 
Բայց ի՞նչ անես… որ էսպես չի մընա… 

Գընում է հայրը: Տարիք են անցնում: 
Էնքան է սիրվում մեր խելոք ծառան, 
Որ թագավորը բերում է սըրան 
Իրեն տերության երկրորդն է անում: 
Հիշում է մի օր հայրը իր որդուն 
Ու վեր է կենում գալի տեսություն. 
-Հը՞, ո՞նց ես, որդիս, էլ ի՞նչ է մընում. 
Քու խոսքովն են ողջ նըստում-վեր կենում: 
-Հա´, մեծ եմ, հայրիկ, նազիր եմ ահա, 
Բայց ի՞նչ անես որ…Էսպես չի մընա… 

Գընում է հայրը: Տարիք են անցնում: 
Էս բարի երկրի թագավորը ծեր 
Մի օր անժառանգ ընկնում է, մեռնում, 
Գահն ու աշխարհքը մընում են անտեր: 
Ժողովք են կանչում երկրի մեծերին: 
Բերում են իրենց խելոք նազիրին 
Առքով ու փառքով թագավոր դընում, 
Ու մեր գյուղացին լսում է մի օր, 
Դարձել է իրեն որդին թագավոր: 
Գալիս է.-Որդի´ս, էլ ի՞նչդ է պակաս. 
Ամբողջ աշխարհքում մի դու ես, որ կաս… 
-Փառք աստծու, հայրիկ, ունեմ թագ ու գահ, 
Բայց ի՞նչ անես, որ…Էսպես չի մընա… 

Գընում է հայրը: Տարիք են անցնում: 
Իր գահին բազմած ինքնակալը նոր 
Մահվան ու կյանքի վճիռն է անում 
Բուռը հավաքած աշխարհքը բոլոր: 
Բուռըդ հավաքիր աշխարհքը թեկուզ, 
Թողնելու ես ողջ դարձյալ աշխարհքին: 
Մեր թագավորն էլ մի անգամ էսպես 
Մահիճ է ընկնում, ավանդում հոգին: 

Լըսում է ծերուկ հայրը մի օր էլ, 
Որ իր թագավոր որդին չմնաց: 
Ի՞նչ ասել կուզի` գալիս է վըրեն, 
Էլ ի˜նչ մղկտոց, էլ ի˜նչ սուգ ու լաց… 
Զորքով, աշխարհքով, ծեսով, հանդեսով 
Արքային վայել թաղում են անում, 
Ու վեր են կենում` զրույց անելով 
Ամենքը իրենց տըներն են գընում: 
Տարիք են անցնում: Հայրը մի անգամ 
Գալիս է որդու շիրիմի վրա: 
Գալիս է` տեսնում` մարմար մահարձան, 
Բայց վըրեն գրած… «Էսպես չի մընա…» 

Գընում է հայրը: Տարիք են անցել. 
Ո՞վ կարա մեզնից հաշիվն իմանա… 
Էն օրից էսօր անվերջ, դարեդար 
Զրույցն ասում է` «Էսպես չի մընա…» 
Ու չըկա շքեղ արձանն արքայի, 
Ոչ նըրա քաղաքն աշխարհքի վըրա, 
Մերն է աշխարհքը ու կյանքը հիմի, 
Բայց մեր աշխարհքն էլ… էսպես չի մընա…
Կատեգորիա: Հովհաննես Թումանյան | Ավելացրեց: Alien (2014-01-24)
Դիտումներ: 1110 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Մուտքի ձև

Որոնել

Չափածո

Արձակ

Աֆորիզմներ

Առակներ, իմաստուն պատմություններ

Նկարչություն

Կայքերի կոնսրուկտոր - uCoz