Բացվող օրվա հետ վեր թռան հանկարծ Լույսի խտուտից զարթնած սարերը,— Իրար շալակած սարը բարձրացան Իրար պաղ ու շոգ շնչառությունից Քրտնած սարերը: Միջօրեի հետ շտկեցին իրենց— Իրենց ինքնության խորք ու ձևերով— Հեռացան քիչ-քիչ իրար հրելով, Եվ բաժանվեցին դաշտ ու ձորերով Իրար կռնակի կռթնած սարերը: Թեքվող օրվա հետ թեքվեցին կարծես, Ամպ ու ժպիտներ փոխանակեցին Եվ մոտենալով սիրտ տվին իրար— Իրար շվաքից խրտնած սարերը... Իրիկնամտի մշուշների հետ Իրար շալակած իջնում են սարից Խուլ, խորհրդավոր, մթնած սարերը:
|